Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն, օրինակ՝ երգել, խաղալ:Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն: Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Սակայն կան արմատի կրկնությամբ այլ բայեր ևս, որոնք բազմապատկական չեն: Սրանց տարբերությունն այն է, որ արմատի կրկնությամբ կազմված բազմապատկական բայերից հնարավոր է վերստանալ պարզը, ինչպես՝ դոփդոփել-դոփել, իսկ արմատի կրկնությամբ ոչ բազմապատկական բայերն ունեն միայն այդ մեկ ձևը: Այսպես՝ քայքայել բայը քայել ձև չունի:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել: